Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանին (այսուհետ` Դատարան) ընդդատյա են քրեական և քաղաքացիական բոլոր գործերը, ինչպես նաև ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերը։ Դատարանը վերահսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի նկատմամբ (այդ թվում՝ լուծում է կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու, բնակարանում խուզարկությունը թույլատրելու հետ կապված հարցերը), ինչպես նաև ըստ էության քննում է քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր։
Դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից՝ միանձնյա։ Դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, իսկ միջանկյալ դատական ակտերը՝ կայացման պահից, եթե դատավարական օրենքով այլ բան նախատեսված չէ: Եթե գումարը բռնագանձելու պահանջի մասին կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա Դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերով Դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով: